Դեպի վեր

23.02.2019


ՀՀ նոտարական պալատի անդամների հերթական ընդհանուր ժողով


Սույն թվականի փետրվարի 23-ին կայացավ ՀՀ նոտարական պալատի անդամների հերթական ընդհանուր ժողովը:

ՀՀ ՆՊ նախագահի հրավերով ընդհանուր ժողովին ներկա էր գտնվում ՀՀ ՊԵԿ-ի ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Կարեն Գալֆայանը, ով նոտարների հետ ինտերակտիվ շփման միջոցով մանրամասն ներկայացրեց վերջին փոփոխությունները կապված նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալած ժառանգատուների մասին ՀՀ ՊԵԿ հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը և  քննարկվեցին տվյալ հարցի հետ սերտորեն կապված մի շարք հարցեր:

ՀՀ ՆՊ երեք մշտական հանձնաժողովների պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ՝ համաձայն ընթացակարգի և ՀՀ ՆՊ նախագահի առաջարկությամբ, ընդհանուր ժողովի շրջանակում հայտարարվեց քվեարկություն և նույն կազմով վերընտրվեցին ՀՀ ՆՊ մշտական երեք հանձնաժողովների անդամները՝ ՀՀ ՆՊ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ՀՀ ՆՊ Էթիկայի հանձնաժողովի անդամները և ՀՀ ՆՊ Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամները: Արդեն իսկ վերընտրված հանձնաժողովների նախագահները / տեղակալները  ներկայացրեցին հաշվետվություն՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները:

ՀՀ Նոտարական պալատը լինելով ուշադիր և մտահոգ գործավարման տարիքը լրացած և կենսաթոշակի անցած նոտարների նկատմամբ, այս տարի ևս շնորհեց պատվոգրեր և թանկարժեք հուշանվերներ՝ նոտարիատում ունեցած ավանդի և ՀՀ ՆՊ-ի կայացման մեջ ունեցած իրենց ներդրման համար: Հուշանվերները պաշտոնական արարողակարգով հանձնվեցին արդեն իսկ նախկին նոտարներ Ալեք Ավետյանին, Վրեժ Ջինիստյանին, Օլյա Գասպարյանին, Վրեժ Ղարիբյանին:

Հատկանշական էր նաև այն հանգամանքը, որ այս տարի առաջին անգամ ընդհանուր ժողովի շրջանակնենրում շնորհվեցին պարտվոգրեր՝ նոտարի պաշտոնում գործունեության ծավալման 20, 25, 30 և 35 տարին բոլորած նոտարներին, մասնավորապես՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանին, «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Ստեփան Ստեփանյանին, «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Հերիքնազ Ղարիբյանին, «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Հայկանուշ Ֆենդյանին, «Երևան» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանին, «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանին, «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանին, «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին և «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Պողոսյանին:

Հաջորդիվ շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք նոտարների, ովքեր ողջ 2018 թվականի ընթացքում ակտիվ ներգրավածություն են ունեցել ՀՀ ՆՊ-ի կազմակերպչական աշխատանքներում:

Այնուհետև ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը ներկայացրեց ՀՀ նոտարական պալատի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը, իսկ օրակարգային հաջորդ հարցի շրջանակում հաստատվեցին ՀՀ Նոտարական պալատի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը:

Ընդհանուր ժողովի շրջանակներում՝ պահպանելով օրենքի դրույթը, 2018 թվականի ընթացքում նորանշանակ նոտարների՝ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Վարդուհի Թորոսյանի, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Նունե Վարդանյանի, Մերի Սարգսյանի և Ստելլա Ղուշչյանի կողմից կատարվեց երդման արարողություն, որի ավարտից հետո ՀՀ ՆՊ նախագահը շնորհավորեց նորանշանակ նոտարներին և մաղթեց նոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության ընթացքում:

ՀՀ ՆՊ նախագահի նախաձեռնությամբ առաջարկվեց ՀՀ ՆՊ պահուստային ֆոնդում առկա ողջ գումարը ՀՀ առևտրային բանկերից մեկում ներդնել, որպես ավանդ: Նախաձեռնությունը միաձայն ստացավ ներկա գտնվող նոտարների հավանությանը:

ՀՀ ՆՊ-ի կողմից կազմակերպված ՀՀ նոտարների հերթական ժողովի ավարտից հետո ջերմ ընկերական հանդիպումը շարունակվեց կազմակերպված հյուրասիրության սեղանի շուրջ: